Լոնդոնին մտահոգում են վրաստանյան չհետաքննված ընտրախախտումները

Մեծ Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին և «լուրջ մտահոգություն» հայտնել այն ​​փաստի առնչությամբ, որ ընտրախախտումները «մանրակրկիտ և անկախ» չեն հետաքննվել։

«Այսօր մենք հետևում էինք Վրաստանի խորհրդարանի նիստը, ևս մեկ անգամ մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում ընտրախախտումների վերաբերյալ, որոնք մինչ այժմ մանրակրկիտ կամ անկախ չեն հետաքննվել», — ասված է դեպանատան նոյեմբերի 25-ի հաղորդագրության մեջ։

Բրիտանական դեսպանատունը նաև հորդորել է Վրաստանի կառավարությանը կատարել ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության առաջարկությունները՝ վերջնական զեկույցի հրապարակումից հետո. «Մենք համամիտ ենք իշխանություններին ուղղված ԺՀՄԻԳ-ի կոչին՝  խթանել խաղաղ ցույցերը և երկխոսություն սկսել»:

11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց այս խորհրդարանի կասկածելի օրինականության և բողոքի ցույցերի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և քաղհասարակությունն ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։

Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման համար։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։

Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն ​​քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում

11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին չեն մասնակցում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները. նրանք չէին հրավիրվել։ Լրատվամիջոցների հասանելիությունը նույնպես սահմանափակ էր: