Լոնդոնը պետք է միանա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներին. Հադսոնի ինստիտուտ

Հադսոնի հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Նեյթ Սիբլին հրապարակած հոդվածում պնդում է, որ Բրիտանիան պետք է միանա ԱՄՆ-ին՝ Վրաստանում Վլադիմիր Պուտինի խամաճիկ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։

Հադսոնի ինստիտուտի «Կլեպտոկրատիա» նախաձեռնության տնօրեն Սիբլին ասում է, որ Իվանիշվիլիի նման կլեպտոկրատները չպետք է կարողանան օգտագործել բրիտանական անդրծովյան տարածքները՝ գողացված հարստությունը լվանալու համար:

«Բայց եթե նրանք շարունակեն այդպես, ստիպված կլինեն ապրել վախի մեջ, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի նրանց պատասխանատվության ենթարկելու համար», — գրում է Սիբլին:

Ուշագրավ է նաև, որ Միացյալ Թագավորության Համայնքների պալատ ներկայացված միջնորդությունը երկրի գործադիր իշխանությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ։

Նշենք, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։ Որոշումը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC): ԱՄՆ-ի որոշման արդյունքում, պարզաբանել է OFAC-ը, Իվանիշվիլիի «բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում, կամ պատկանում կամ վերահսկվում են ԱՄՆ քաղաքացիների կողմից, կարգելափակվեն (այսինքն՝ կսառեցվեն):