Լիտվայի և Լատվիայի նախագահներն արձագանքել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոչին, որտեղ Զուրաբիշվիլին խնդրում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ։
Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդան և Լատվիայի նախագահ Էգիլ Լևիցն ասել են, որ երկու երկրներն էլ աջակցում են Վրաստանի եվրաինտեգրմանը։
Լատվիայի նախագահը նշել է` այս ճանապարհին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ Վրաստանում եվրոպական կողմնորոշումը լինի միաձայն։
«Լիտվան աջակցում է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումներին։ Տիկին նախագահ, ես բարձր եմ գնահատում ձեր նվիրվածությունը Վրաստանում անհրաժեշտ բոլոր ժողովրդավարական բարեփոխումներին և ցանկանում եմ, որ ձեր երկիրը մնա այդ ճանապարհին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդան։
Նշենք, որ Զուրաբիշվիլին հունիսի 22-ին դիմել է ԵՄ 27 առաջնորդների, այդ թվում՝ Լիտվայի և Լատվիայի նախագահներին՝ Վրաստանի թեկնածուի կարգավիճակին դրական պատասխան տալու համար։