
Լիտվացի իրավապաշտպանին, որը ղեկավարում է կանանց իրավունքների հարցերով զբաղվող շվեդական կազմակերպության Հարավային Կովկասի գրասենյակը, մերժել են մուտքը Վրաստան։
Ռեգինա Եգորովա-Ասկերովան նախկին լրագրող է, 15 տարի ընտանիքի հետ ապրում է Վրաստանում։
Ներկայում նա շվեդական Kvinna till Kvinna («Կանայք կանանց համար») կազմակերպության Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենն է:
Մարտի 20-ին նա Facebook-ում գրել է, որ իրեն հետ են ուղարկել առանց բացատրության: «Սա հստակ ցույց է տալիս, թե որտեղ է այժմ այդ երկիրը», — գրել է Ասկերովան։
Երկար տարիներ նա աշխատում է կանանց հզորացման, խաղաղության ամրապնդման և հարակից խնդիրների վրա:
Ռեգինա Եգորովա-Ասկերովան հրապարակել է սահմանին ներքին գործերի նախարարության աշխատակիցների փոխանցած փաստաթուղթը, որում մերժման պատճառը հստակեցված չի, միայն նշված է` «այլ պատճառ»։
Հենց այս հիմքն է հաճախ վկայակոչում ՆԳՆ-ն Վրաստանի սահմանի հատումը թույլ չտալու հիմնավորման համար, այդ թվում՝ օտարերկրյա այլախոհների դեպքում։
Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով, «մերժման» նման գործելաոճը կամայական է և հակասահմանադրական։