Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է լուծել Լիլոյի աղբավայրի խնդիրը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ պատասխանելով քաղաքացի Վանո Ջանիաշվիլիի հարցին։
Կալաձեն նշել է, որ խնդրի լուծման հարցում կօգնեն նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ:
«Այն, որ Լիլոյի աղբավայրը վատ վիճակում է, լուրջ և տարիների ընթացքում կուտակված խնդիր է: Իհարկե, իրավիճակը ծանր է, մանավանդ, սա անհանգստացնում է տարածքի բնակչությանը: Համապատասխանաբար, մեզ համար կարևոր է այս խնդրի արագ լուծումը: Այս ուղղությամբ արդեն հստակ քայլեր են արվել», — ասել է Կալաձեն:
Ըստ քաղաքապետի, աշխատանքներ են տարվում, որպեսզի Թբիլիսիի աղբավայրն ունենա եվրոպական չափանիշներ, իսկ աղբից հնարավոր լինի վառելիք կամ էլ էլեկտրաէներգիայի ստանալ:
Քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեն էլ հայտարարել է, որ աղբավայրը կփակվի 2019 թվականի վերջին:
Թբիլիսի քաղաքի արվարձանում գտնվող Մեծ Լիլո գյուղի հարակից տարածքում մոտ տասը տարի աղբավայր է (ցանկապատվել են գյուղի բնակիչների հողամասերը), ինչն էլ դարձել է բնակչության դժգոհության առիթ: Տարիներ շարունակ բնակիչները բողոքում են, նույնիսկ, մոտ մեկ ամիս առաջ «Ալիք մեդիայի» հետ զրույցում Մեծ Լիլո գյուղի բնակիչները նշեցին, որ վերջին շրջանում շտապ օգնության այցը գյուղ զգալիորեն ավելացել է: Այս փաստը գյուղի բնակիչները հենց աղբավայրի առկայության հետ են կապում: