Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն լիբերալիզմը (ազատականությունը) համարել է սպառնալիք երկրի համար։ Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ՊՆ նախարարն այս հարցը կապել է գենային ֆոնդի հետ և ասել, որ «իշխանությունը պահպանողականությունից զատ այլընտրանք չունի»։
Ըստ ՊՆ նախարարի՝ քանի դեռ լիբերալիզմին չեն նայում կրոնական և բարոյական պրիզմայով, կարող է ուղղակի սպառնալիք լինել Վրաստանի անվտանգության և ինքնիշխանության կորստի կամ պահպանման համար։
«Մեր ընդդիմախոսներին ուզում եմ ցույց տալ այլ պրիզմայից, այն (նկատի ունի լիբերալիզմը-խմբ.) աղետ ու ռիսկեր է պարունակում Վրաստանի ինքնիշխանության համար:
Կարելի է ասել, որ պահպանողականությունը մեր իշխանության հիմնական գաղափարն է»,- ասել է ՊՆ նախարարը։
Ի դեպ, մի քանի օր առաջ՝ մայիսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ ունենալով Բուդապեշտում կազմակերպված ամերիկացի ուլտրապահպանողականների համաժողովում, ասել է՝ «թշնամական ուժերը փորձում են ոչնչացնել ընտանեկան արժեքները» Վրաստանում, և որ ինքը կպաշտպանի «պահպանողական մեծամասնությանը՝ փոքրամասնության բռնությունից»։
Ղարիբաշվիլին դատապարտել է «ԼԳԲՏՔ քարոզչությունը» և «խեղաթյուրված նորամուծությունները»: