«Կովկասյան մետամորֆոզ»՝ դրամա ընտանեկան բռնության մասին. Tbilisi Pride-ի կազմակերպիչները հենց այս միջոցառմամբ են որոշել մեկնարկել միջոցառումների շարքը:
Ներկայացումը տեղի է ունենալու այսօր, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, ժամն ու վայրը հանրության համար անհայտ են մնալու: Ներկա կլինեն LGBT համայնքի ներկայացուցիչներն ու նրանց ծնողները:
Ներկայացման հարցերով զբաղվող Tbilisi Pride-ի կազմակերպիչներից Նինո Բոլքվաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ այս ներկայացումը որոշակի ուղերձ է LGBT համայնքի ներկայացուցիչների ծնողներին:
«Ներկայացումն այն իրավիճակի մասին է, երբ ընտանիքի կողմից LGBT համայնքի ներկայացուցիչները փոքր տարիքում հոգեկան և ֆիզիկական բռնության զոհ են դառնում: Երիտասարդ տղան ծնողներին հայտարարում է, որ միասեռական է: Ասում է, որ չի ցանկանում ուրիշից իմանան, ուզում է լինել անկեղծ, խնդրում է, որ հասկանան իրեն: Սակայն, նման կերպ իրադարձությունները չեն զարգանում, քանի որ ներկայացումն իրականությունն է արտացոլում: Եզրակացությունը՝ թե ինչպես պետք է փոխվի այս իրականությունը, թողնում ենք, որպեսզի ունկնդրողն անի»,- ասում է Նինո Բոլքվաձեն:
Հիշեցնենք՝ նախօրեին Tbilisi Pride-ի կազմակերպիչները հայտարարել էին, որ չնայած ռիսկերին, միջոցառումները միևնույնն է տեղի են ունենալու: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր․ «իշխանությունների գործողություններն ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն: Վտանգի տակ են Վրաստանի պետականությունն ու ինստիտուտները: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք գալիս: Դուրս ենք գալիս, որպեսզի ստիպենք իշխանություններին` պաշտպանել մարդու իրավունքները և իրականացնել երկրի Սահմանադրությամբ տրված պարտականությունները»:
Բացի ներկայացումից՝ ծրագրված միջոցառումների շարքում են «Հավասարություն հանրային ոլորտում» խորագրով միջազգային կոնֆերանսը և «Արժանապատվության երթը»:
Հարկ է նշել, որ վերջին շաբաթվա ընթացքում բազում սպառնալիքներ են հնչեցվում LGBT համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այսպես, օրեր առաջ գործարար Լևան Վասաձեն կազմակերպել էր «իրական տղամարդկանց հանդիպում» և առաջարկել էր ստեղծել գումարտակ, որտեղ կգրանցվեն միայն իրական տղամարրդիկ, ու կպայքարեն LGBT համայնքի ներկայացուցիչների դեմ:
Ի դեպ, անցած շաբաթ կառավարության շենքի մոտ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են հակաակցիայի, երկու խմբերի միջև կենդանի պատ են կազմել ոստիկանները, սակայն բախումներն անխուսափելի են դարձել, բերման են ենթարկվել մի խումբ մասնակիցներ։
Լուսանկարը՝ Թբիլիսի փրայդի ֆեյսբուքյան էջից