Դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածել հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: Նրանք ևս մեկ անգամ ողջունում են բազմազանությունը և համերաշխ են Վրաստանի լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների (LGBT) համայնքի հետ:
Հայտարարության մեջ նշել են, որ LGBT անձինք ամեն օր ենթարկվում են ոտնձգությունների, խտրականության և խարանման, բախվում են թշնամանքի և բռնության։ Դեսպանատներն ընդգծել են, որ այդ մարդիկ հնարավորություն չունեն արժանապատիվ ապրելու որպես վրաց հասարակության ազատ և իրավահավասար անդամներ։
«Մենք ողջունում ենք Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հանրային աջակցության աճը: 2015 թվականից ի վեր կրկնապատկվել է նրանց թիվը, ովքեր պնդում են, որ LGBT անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն։
Մենք նաև ողջունում ենք մարդկանց պաշտպանությունը խտրականությունից՝ հիմնված նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա, որը նախատեսված է 2014 թվականից «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Վրաստանի օրենքով: Մենք ճանաչում ենք տարբեր պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջանքերը՝ ապահովելու մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք պաշտպանությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Դեսպանատները կարծում են, որ հասարակության որևէ անդամի բացառումն ամրապնդում է սոցիալական, տնտեսական և քաղաքական անհավասարությունն ու անարդարությունը, ինչը խոչընդոտում է Վրաստանի ժողովրդավարության հետագա զարգացմանը։
Ի դեպ, մայիսի 17-ը հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Առաջին անգամ այդ օրը նշվել է 2005 թվականին, ամսաթվի ընտրությունը խորհրդանշական է՝ 1990 թվականի մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համասեռամոլությունը հանել է հիվանդությունների ցանկից։