Թբիլիսիում ասում են՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման առումով Վրաստանը որոշակի փուլում ավելի ակտիվ էր ներկայացված, այժմ ոչ մի ռեսուրս չունի կողմերին ինչ-որ բան առաջարկելու համար, քանի որ ավելի հզոր դերակատարներ են պետք հակամարտության վերջնական լուծման գործում:
Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիթ Բրագվաձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ Թբիլիսիի քայլերը դանդաղել են: Բրագվաձեն հիշում է Վրաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև կայացած պատմական հանդիպումը և Վրաստանի վարչապետի ներգրավվածությունը գերիների փոխանակման հարցում, սակայն հավելում է.
«Այս փուլում դժվար է ասել, թե արդյո՞ք Վրաստանի ներկայիս կառավարությունը կարող է միջնորդի դեր խաղալ կողմերի միջև, քանի որ դրա հավակնություն ունեն շատ ավելի մեծ և ուժեղ դերակատարներ, ինչը Վրաստանին տեղ չի թողնում»:
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլիի կարծիքով, Թբիլիսին ռեսուրս չունի, բացի կողմերին հարթակ տրամադրելուց:
«Թբիլիսին տարածաշրջանում ազդեցություն չունի: Որպես հարևան պետություն պետք է չեզոքություն պահպանի, հնարավորության դեպքում կարողանա կողմերին բանակցությունների հարթակ տրամադրել»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Բիլանիշվիլին:
Բրագվաձեն համոզված է՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի սցենարը չի գրվել առանց Մոսկվայի հետ պայմանավորվածության, և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առել այնտեղ, որտեղ Մոսկվան անցել է կարմիր գիծը՝ Շուշիում։ Ըստ նրա՝ սա Ռուսաստանին իրավունք տվեց խաղաղապահներ տեղակայել և լծակներ պահպանել Հայաստանի վրա, քանի որ Ղարաբաղի հարցը մնում էր չլուծված:
«Այն ժամանակ Մոսկվայի կողմից նման գործողության պատճառը Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի ցանկությունն էր նվազեցնել Ռուսաստանի տոտալ ազդեցությունը երկրում և ավելի շատ քայլեր ձեռնարկել դեպի Արևմուտք։ Նրանց շահերից չէր բխում նաև Հայաստանում ժողովրդավարական իշխանությունը, որի դեմ Ռուսաստանը լծակներ չուներ։ Մոսկվան հույս ուներ, որ Ղարաբաղում խաղացած նմանատիպ սցենարը վերջ կդնի Փաշինյանի իշխանությանը, և այսպես կոչված` ղարաբաղյան կլանի վերադարձ կլինի»,- նշեց Բրագվաձեն և հավելեց՝ դա անելու փորձ արվեց եռակողմ համաձայնագրի ստորագրման գիշերը, երբ Երևանում բռնի ցույցի և խորհրդարան ներխուժման ականատես եղանք։
Նրա պնդմամբ՝ Երևանի վերջին քայլերը՝ Հռոմի ստատուտին միանալը, ՀԱՊԿ ներկայացուցչին հետ կանչելը, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները, Փաշինյանի ուղերձները միջազգային լրատվամիջոցներում, հստակ ազդանշան են Մոսկվային, որ Հայաստանը չի պատրաստվում երկար մնալ Ռուսաստանի ուղեծրում և փնտրում է զարգացման այլընտրանքային ուղիներ: Ըստ նրա՝ միգուցե Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հարցի ռազմական ճանապարհով վերջնական լուծումը կազդի հայ ժողովրդի ընտրության վրա և գոնե այս անգամ կփոխի իշխանությունը։
«Չգիտեմ՝ դա տեղի կունենա, թե՝ ոչ, բայց երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը դատապարտված է ձախողման։ Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիները ճիշտ են գնահատում Ռուսաստանի բացասական դերը վերջին իրադարձություններում՝ լինի դա 2022 թվականի սեպտեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմի սրումը, թե այսօր սկսվածը։
Անկեղծորեն հավատում եմ, որ Հայաստանի հեռանալը Ռուսաստանից դրական իրադարձություն կլինի ոչ միայն բուն Հայաստանի, այլև ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար»:
Բիլանիշվիլին կարծում է, որ Ադրբեջանը փորձում է ռազմական ճանապարհով հասնել ղարաբաղյան հարցի վերջնական լուծման և ամբողջական վերահսկողություն ունենալ ԼՂ ամբողջ տարածքի վրա: Նրա խոսքով, դժվար է պատկերացնել Մոսկվայի դերը տարածաշրջանում և ԼՂ-ում, հատկապես՝ երբ Բաքուն կարողանա հասնել իր նպատակին:
«Երբ Մոսկվան խաղաղապահ զորախումբ տեղակայեց ԼՂ-ում, այդ ժամանակ ԼՂ-ի անվտանգության հարցը մտավ Մոսկվայի հովանու ներքո, բայց ինչպես երևում է` Մոսկվան չի պատրաստվում կատարել իր պարտավորությունները»,- նշեց Բիլանիշվիլին:
Վերլուծաբանները նաև նկատում են՝ Ադրբեջանի հետաքրքրության շրջանակում է եղել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման գաղափարը, սակայն այս փուլում Ադրբեջանը չի գնա արկածախնդրության:
«Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Զանգեզուրի միջանցքի բացման հարցն է բարձրացնում և մատնանշում կողմերի համաձայնագրով նախատեսված պարտավորությունները։ Հասկանալի է, որ դա բխում է Ադրբեջանի շահերից, թեև կարծում եմ, որ Ադրբեջանը զերծ կմնա Հայաստանի տարածքը զավթելուց։ Սա նույնիսկ ավելի մեծ ռիսկ է Ալիևի համար, քան զոհերը Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում։ Նման պարագայում Ադրբեջանը փաստարկներ չի ունենա իր արարքն արդարացնելու համար»,- ընդգծեց Բրագվաձեն:
Իսկ ըստ Բիլանիշվիլիի՝ այս պահին, կարծես, Ադրբեջանին միայն ԼՂ-ն է հետաքրքրում, և դա է պատճառը, որ ՀՀ տարածքի դեմ ոչ մի գործողություն չի անում: Սակայն, սա չի նշանակում, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարից Բաքուն կհրաժարվի:
Բրագվաձեն նաև հույս է հայտնում, որ ադրբեջանական կողմը հնարավորինս կփորձի խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից, քանի որ դա չի բխում նրա շահերից. միջազգային հանրությունը միշտ ցավագին է արձագանքում անմեղ զոհերին, և Ադրբեջանն այս դեպքում բացառություն չի լինի։
Անդրադառնալով ԼՂ-ի վրա հարձակումը «արդարացնող» Բաքվի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն է սկսել», Բրագվաձեն ասաց.
«Նման գործողությունների ժամանակ այս տերմինն արդեն բավականին վարկաբեկվում է հետխորհրդային տարածքում։ Հավանաբար, Ադրբեջանն ուզում է ընդգծել, որ սա լայնածավալ ռազմական գործողություն չէ»:
Հիշեցնենք. Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, որը ներկայումս ադրբեջանական կողմի վերահսկողության տակ չէ։ Բաքուն հարձակումը «հակաահաբեկչական գործողություն է» որակում:
Ստեփանակերտում պայթյուններ են որոտում, տարհանում է իրականացվում, բնակիչները նկուղներում են, հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում: Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական բնակչության շրջանում կա երկու զոհ (մեկը` երեխա), 26 վիրավոր (11-ը` երեխա)։