Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։
Ըստ դե ֆակտո ԱԳ նախարարի՝ ընդամենը մի քանի տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասի։
«Ավելին, 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում չի թույլատրվում ցանկացած ներքին կամ միջպետական նորմատիվ իրավական ակտ, որտեղ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք։ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, պարզվում է, հակասում է այս բանաձևին: Սա աննախադեպ հայտարարություն է։
Մենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում ենք ապրում։ Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է: Հետևանքները կարող են բավականին ողբերգական լինել»,- ասել է Արձինբան։
Ի դեպ, մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխիքներ ստանալուց հետո Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի հետ մեկտեղ ճանաչել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Փաշինյանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելը հարուցել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակության դժգոհությունը։