«Լելո-գործընկերություն հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարում է, որ չի մասնակցի խորհրդարանի լիագումար նիստերին, քանի դեռ երրորդ նախագահ, կալանավորված և հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիին չեն տեղափոխել բազմապրոֆիլ բժշկական կլինիկա։
Չնայած բոյկոտին, այնուամենայնիվ, խմբակցությունը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների քննարկմանը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցում խոսել են Սալոմե Սամադաշվիլին և Անա Նացվլիշվիլին։
«Մենք գործում ենք Վրաստանի Սահմանադրությամբ և հայտնում ենք, որ չենք մասնակցելու խորհրդարանի լիագումար նիստերին, քանի դեռ պետությունը չի հոգում Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին և անուշադրության է մատնում նրա կյանքին սպառնացող վտանգները։
Հույս ունենք` կառավարությունը, ինչպես նաև մեր միջազգային գործընկերները, կընկալեն մեր քաղաքական բոյկոտը՝ որպես շատ լուրջ նախազգուշացում, որ երկիրը գտնվում է ծանր իրավիճակում և կարձագանքեն այս խնդիրներին»,- ասել է Սամադաշվիլին։
Նացվլիշվիլին ևս հանդես է եկել Սաակաշվիլիին աջակցելու կոչով և նշել, որ բացասական հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են բոլոր պաշտոնյաները․
«Գիտեք, որ մինչ այժմ տասնյակ բանտարկյալներ տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց՝ առողջական ծանր վիճակի պատճառով։ Կցանկանայի նաև ընդգծել այն փաստը, որ բացասական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում ենք մենք՝ պաշտոնյաներս և անձամբ Բիձինա Իվանիշվիլին։ Այս իրավիճակում պարզ է, որ մենք չենք պատրաստվում սովորականի պես շարունակել խորհրդարանական կյանքը»։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, Սամադաշվիլին պարզաբանել է, որ չնայած բոյկոտին, կան կարևոր քաղաքական հարցեր, որոնք պետք է լուծվեն Վրաստանի խորհրդարանում։ Կուսակցության փոխնախագահի խոսքով՝ հենց այդպիսի խնդիրներ լուծելու նպատակով խմբակցության անդամները կօգտագործեն իրենց պատգամավորական լիազորությունները։
Նշենք` ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու լրացուցիչ ընտրություններին, սակայն կոչ են արել շարունակել բողոքի ակցիաները։ Ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանական ընդդիմությանը կոչ է արել նոյեմբերի 1-ին լքել խորհրդարանը՝ ի նշան բողոքի։ ԱԺ մի քանի պատգամավորներ արդեն հայտարարել են պատգամավորական մանդատը թողնելու մասին, այդ թվում՝ «Լելոյի» և «Գիրչիի» առաջնորդները։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր