Լեհաստանի ԱԳՆ-ն արձագանքել է լեհ բժիշկների հետ կապված միջադեպին

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոցում այցելած լեհ բժիշկների հետ կապված միջադեպին։

Լեհական կողմն ասում է, որ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների «հուզական հայտարարությունները» հակասում են դրական համագործակցության սկզբունքներին։

«Վիվամեդ» կլինիկայում Միխեիլ Սաակաշվիլիին այցելած լեհ բժիշկների նպատակը նախկին նախագահին օգնելն էր, կատարվել է պայմանավորվածությանը չհամապատասխանող, պատահական և չնախատեսված միջադեպ, որն անմիջապես տեղում բացահայտվել է։ Այս համատեքստում Վրաստանի արդարադատության նախարարությանը կից հատուկ քրեակատարողական ծառայության որոշումը՝ հրապարակել լեհ բժշկի հետախուզման արձանագրությունը, ինչպես նաև Վրաստանի պետական ​​մարմինների ներկայացուցիչների մի շարք հուզական հայտարարությունները հակասում են դրական համագործակցության սկզբունքներին»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Պիետր Ժակը հրավիրվել է արտաքին գործերի նախախարարություն (ԱԳՆ)՝ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական պարզաբանումներ տալու նպատակով:

Ինքը՝ Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկևիչը, ԱԳՆ չի ժամանել, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկության՝ ներկայումս գտնվում է Լեհաստանում։

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն, լեհ բժիշկը փորձել է գաղտնի՝ կոշիկի մեջ թաքցնելով, հիվանդանոցից հանել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշները: ՀՔԾ-ն հրապարակել է նաև համապատասխան տեսագրությունները։