Դատավոր Զվիադ Շարաձեն կալանքի տակ թողեց մարտի 7-8-ի բողոքի ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսին։ Երեկվա դատական նիստում նրա փաստաբանները 10 հազար լարի գրավի դիմաց պահանջում էին ազատ արձակել Գրիգորիադիսին, ինչին մեղադրող կողմը չհամաձայնեց։
Մեղադրող կողմի պարզաբանմամբ՝ այս փուլում չկան նոր էական հանգամանքներ, որոնք կարող են հիմք դառնալ Գրիգորիադիսի խափանման միջոցը փոխելու համար։
Գրիգորիադիսի փաստաբանները դատավարության ժամանակ դատավորին պարզաբանել են, որ պահանջում են գրավի դիմաց ազատ արձակել, քանի որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում դատախազության նշած սպառնալիքներն անիրատեսական են։ Ըստ փաստաբանների, վտանգ չկա, որ Գրիգորիադիսը կթաքնվի, քանի որ ցանկության դեպքում դա կաներ մինչ ձերբակալությունը, բայց ինքը չի դիմադրել ոստիկաններին։
Հիշեցնենք՝ 21-ամյա Լազարե Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ի գիշերը։ Նա մեղադրվում է ռուսական օրենքի դեմ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։ Նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։ Մարտի 31-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը։