Վրաստանի իշխանությունները հնարավոր է հրաժարվեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիում անցկացնելուց։
Նիստը նշանակված է մայիսին։
Ռուսական «Կոմերսանտը», հղում անելով Վրաստանի կառավարությանը մոտ կանգնած երկու աղբյուրի, գրում է, որ նման որոշման դեպքում Վրաստանը խնդրանքով կդիմի Եվրոպայի խորհրդին՝ հանդիպումը տեղափոխել ֆրանսիական Ստրասբուրգ։
Ըստ լրատվականի՝ պատճառը գագաթնաժողովում Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի պոտենցիալ մասնակցությունն է։ Ըստ վրաստանյան կանոնադրության՝ նա իրավունք չունի երկրի տարածք մուտք գործել, քանի որ այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա և Հարավային Օսիա (Վրաստանի՝ Օկուպացված տարածքների մասին օրենքով արգելվում է նշված տարածքներ այցելել՝ շրջանցելով Թբիլիսին)։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է շրջանցել օրենքի կետը՝ հանուն միջազգային պարտավորությունների կատարման։
Նրա հետ համամիտ չեն վրաստանյան ընդդիմության շարքերում, այդ թվում նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները։ Դեռևս օրեր առաջ նրանք սպառնացել էին Լավրովի aյցի դեպքում մասսայական բողոքի ալիք սկսել Վրաստանում։
Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս այն կարծիքին է, որ Լավրովի մուտքը Վրաստան արգելելով՝ կասկածի տակ է դրվում Վրաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Հիշեցնենք՝ Վրաստանը, որպես Եվրախորհրդի նախագահող երկիր, մայիսին Եվրախորհրդի անդամ երկրների պատվիրակություններին է պատրաստվում հյուրընկալել նախարարների հավաքի շրջանակներում: Վերջերս տարածված տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով խախտել է Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը: