Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովայի հետ հանգրվանել է Վրաստանի Կախեթիի մարզի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրում, հայտնում է «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ Կղվարելիում նախատեսված է Եկատերինա Լավրովայի ամուսնու եղբոր հարսանիքը:
Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո Լավրովն ու նրա ընտանիքի անդամները, այդ թվում դուստրը, գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների ներքո։
Այսօր հարսանիքին զուգահեռ բողոքի ակցիա է նախատեսվում հյուրանոցի մոտ, ակցիայի մասնակիցներն արդեն հավաքվում են տարածքում։ Հյուրանոցի շրջակայքը հսկում են մեծաթիվ ոստիկանական ուժեր։
Ըստ տեղեկությունների՝ ակցիային մասնակցելու են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ Կախեթիից և Թբիլիսիից։
Տեղում է նաև Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան: Նա ասել է՝ հյուրանոցի տնօրինությունից իրենց հաստատել են, որ համալիրում ռուս հյուրեր կան, այդ թվում՝ Լավրովի դուստրը:
Մայիսի 20-ի վաղ առավոտյան հյուրանոցի մոտ ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի ՄԱՇ անդամ Իրակլի Էձգվերաձեն. նրան տեղափոխել են Գուրջաանիի ոստիկանություն: