Վրաստանը, որպես Եվրախորհրդի նախագահող երկիր, մայիսին Եվրախորհրդի անդամ երկրների պատվիրակություններին է պատրաստվում հյուրընկալել նախարարների հավաքի շրջանակներում: Վերջերս տարածված տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը խախտել է Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը: Նշվածի հետ կապված հայտարարություններ են անում Վրաստանի քաղաքական գործիչները, ընդդիմությունը խոստանում է` Լավրովին թույլ չեն տալու մուտք գործել Վրաստանի տարածք:
Այսպես, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան հայտարարում է՝ «Բոլոր նրանք, ովքեր թույլ կտան Լավրովին հատել Վրաստանի սահմանը, օրենք կխախտեն, նրանք վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության: Օրենքը մնում է օրենք»:
Ալիք Մեդիայի հետ զրույցում հարցին անդրադարձավ նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին.
«Եթե իշխանությունը որոշում կայացնի թույլ տար Լավրովին մուտք գործել Վրաստանի տարածք, դա կլինի ծանրագույն որոշում: Չնայած, Գավրիլովի գիշեր կազմակերպելուց հետո զարմանալու բան չկա: Այս իշխանություններից արդեն ամեն ինչ սպասելի է»:
Իր հերթին Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ասել է.
«Մեր երկիրը, որպես Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի ղեկավար, կգործի կանոնի համաձայն, միջոցառման հետ կապված հայտարարություն կարվի հանձնաժողովի ղեկավարության հետ համաձայնեցված կերպով: Մեր անդամակցությունից ուղիղ 20 տարի անց սա չափազանց մեծ պատասխանատվություն է, ինչպես նաև` երկիրը լավագույն կերպով ներկայացնելու հնարավորություն»:
Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին լրագրողների հետ զրույցում ասել է.
«Թբիլիսիում ու Մոսկվայում այս հարցի շուրջ քննարկումներ կանցկացվեն: Իմ անձնական կարծիքը հիմա չեմ ասի, սակայն փաստ է, որ Եվրախորհրդի մայրաքաղաք է դառնում Թբիլիսին, համապատասխանաբար այդ ընթացքում Թբիլիսին կապրի Եվրախորհրդի կանոնակարգով ու օրակարգով: Թե ինչպես կազդի այս իրավիճակը Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, դժվար է ասել»,- հայտարարել է Վոլսկին: