Լատվիան շնորհավորում է Վրաստանի Անկախության օրը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհավորել է Վրաստանի Անկախության օրը: Նա վերահաստատել է՝ Թբիլիսին վայելում է Լատվիայի աջակցությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ վրաց ժողովրդին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ովքեր նշում են Անկախության օրը։ Վրաստանը կանգնած է խաչմերուկում, ես հաստատում եմ Լատվիայի աջակցությունը Վրաստանի եվրոպական ապագային, որն ընտրել է վրաց ժողովուրդը։  Որոշման ժամանակն է», — X սոցիալական ցանցում գրել է Ռինկևիչսը:

Անկախության օրվա առթիվ Վրաստանին շնորհավորել է նաև Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

«Լատվիան շնորհավորում է Վրաստանին Անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն և բարգավաճում։ Լատվիան հաստատում է իր ամուր աջակցությունը եվրոպական ճանապարհին, որն ընտրել է Վրաստանի բնակչությունը»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ-ի շնորհավորական ուղերձում։

Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական ​​անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։

Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։

1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից հետո երկրում ակտիվացել էր ազգային շարժումը։ Վրաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ 1921 թվականի փետրվարի 25-ի ակտը ճանաչել որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիա։ Ավելի ուշ նշանակվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ։ Ընտրությունները տեղի ունեցան 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, և հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիայի գլխավորած «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» կուսակցությունը։

1991 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհուրդը համընդհանուր հանրաքվե անցկացրեց: Վրաստանի բնակչության 98,9 տոկոսը կողմ արտահայտվեց Վրաստանի անկախության վերականգնմանը։

1991 թվականի ապրիլի 9-ին հանրաքվեի հիման վրա Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին։ Նույն թվականի մայիսի 26-ին Վրաստանն ընտրեց առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային։