Լատվիան միացել է ԵՄ նախարարների հայտարարությանը. Բրաժե

Վրաստանում ընտրությունների մասին Եվրամիության (ԵՄ) նախարարների հայտարարությանը միացել է նաև Լատվիան:

«Լատվիան միացել է Վրաստանի մասին հայտարարությանը, չնայած այն հանգամանքին, որ այդտեղ շատ թույլ է բնութագրված ընտրախախտումների լրջությունը։ Եվ այո՛, պարոն Օրբանը խոսում է միայն իր անունից, ոչ թե Լատվիայի կամ ԵՄ-ի անունից»,- սոցցանցում գրել է Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն։

Հիշեցնենք՝ նախօրեին ԵՄ որոշ երկրների արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարներ հայտարարություն էին տարածել, ըստ որի` Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կողմից ընտրական ամբողջականության խախտումը չի համապատասխանում սպասվող չափանիշներին, և դա դավաճանություն է վրաց ժողովրդի օրինական եվրոպական նկրտումներին։

Միաժամանակ հայտարարության մեջ նախարարները քննադատել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «անժամանակ այցը» Վրաստան և նշել, որ նա չի ներկայացնում Եվրամիության դիրքորոշումը։