Լաշա Տալախաձեն 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վրաստանը ներկայացնող ծանրորդ Լաշա Տալախաձեն վեցերորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Տալախաձեն առաջին վարժության (պոկում) ժամանակ օգտագործեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացրեց 208, 212 և 217 կիլոգրամանոց ծանրաձողեր, 6 կիլոգրամով գերազանցելով հայ ծանրորդ Վարազդատ Լալայանի արդյունքը, ով երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 211 կիլոգրամանոց ծանրաձողը։

Երկրորդ վարժությունը (հրում) Տալախաձեն սկսեց 245 կգ-ով և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը ինչպես հրում վարժությունում, այնպես էլ երկամարտում։ Սակայն նա երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 253 կիլոգրամանոց ծանրաձողը և մեջքի ցավի պատճառով 3-րդ անգամ ձեռնպահ մնաց ծանրաձողին մոտենալուց։

Երկամարտի 462 կգ արդյունքով էլ Տալախաձեն իր կարիերայում 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը 451 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Իսկ երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նշենք, որ այս տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2015, 2017, 2018 և 2019 թվականներին նույնպես։ Նա նաև առաջին մարզիկն է, ով անկախ Վրաստանի պատմության մեջ դարձել է օլիմպիական կրկնակի չեմպիոն։