
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Լեյբորիստական կուսակցության» անդամ Լաշա Չխարտիշվիլիին իրավախախտ է ճանաչել և տուգանել 3 հազար լարիով: Այս մասին գրում է Publika-ն:
Ոստիկանությունը նրան մեղադրում էր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջների չենթարկվելու մեջ:
Չխարտիշվիլին դատարանի որոշումը որակում է որպես անձնական վրեժխնդրություն:
«Սա ռեկորդային տուգանք է… առանց որևէ ապացույցի դատավորը նման որոշում կայացրեց»,- հայտարարել է Չխարտիշվիլին:
Նշենք, որ հունվարի 3-ին ակտիվիստները խորհրդարանի մոտ ցույց էին կազմակերպել: Նրանք բողոքում էին դեկտեմբերի 31-ին որդեկորույս Մալխազ Մաչալիկաշվիլիի վրանը խորհրդարանի շենքից հեռացնելու և փոխարենը զվարճանքի համար նախատեսված իրեր տեղադրելու դեմ: Ինչպես նաև ակտիվիստները համերաշխություն էին հայտնում առևտրականներին, որոնց քաղաքապետարանը ստիպում էր Հանրապետության հրապարակից տեղափոխվել խորհրդարանի մոտ:
Առևտրականներից շատերը հայտարարում էին, որ «չեն կարող փուչիկներ վաճառել մի վայրում, որտեղ լացում էր որդեկորույս հայրը»: