Սոցիալական արդարության կենտրոնը (SJC) ներկայացրել է «Նախընտրական միջավայրը Սամցխե Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում» և «Կրոնը, քաղաքականությունը և ընտրությունները Վրաստանում» հետազոտությունը։
Ըստ SJC-ի` հետազոտությունը սկսվել է սեպտեմբերի սկզբին, դեռևս ընթացքի մեջ է, կավարտվի միայն ընտրությունների ավարտից հետո։
Հետազոտության միջոցով կազմակերպությունը փորձում է պարզել՝ ինչ հաղորդակցման ռազմավարություն են օգտագործում կողմերը նախընտրական շրջանում, հաշվի են առնում արդյոք մշակութային արժեքները, էթնիկ փոքրամասնությունների հետաքրքրությունները և այլն։
«Սոցիալական արդարության կենտրոնի հավասարության և քաղաքականության» ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն կարևորեց Քվեմո Քարթլիում և Ջավախեթիում ընտրողների ձայները՝ նշելով, որ ենթադրվում է՝ այս շրջաններում ընտրությունները կընթանան լարված։
«Ցավալի է` հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցչությունը նվազել է, բացի այդ թույլ են ներկայացված նրանց հետաքրքրությունները և կարիքները։ Կարելի է ենթադրել, որ կուսակցությունները բավարար հետաքրքրություն չեն ցուցաբերում էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների նկատմամբ»,- ասաց Միքելաձեն։
Ակտիվիստ Տիգրան Թարզյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադառնում է նախընտրական շրջանին` հիմնվելով հետազոտության արդյունքների վրա․
«Ընտրական շրջանում խախտումներն ավանդույթի համաձայն այսօր էլ շարունակվում են՝ վարչական ռեսուրսի օգտագործում, հանդիպումներ իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ և այլն։ Մտահոգիչ է, որ էթնիկ ընդդիմադիր հատվածը թույլ է ներկայացված, դա հիմնականում կապված է նրա հետ, որ ընտրացուցակների անցողիկ (առաջին 20 հորիզոնական-հեղ.) տեղերում չկան էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, նրանք ցուցակներում հետին պլան են մղված։ Սա ցույց է տալիս, որ ցուցակներում բաշխումն անարդար է, հետևաբար էթնիկ փոքրամասնությունների ակտիվությունը շարունակում է ցածր մնալ»։
Ընտրական ցուցակներում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների վերաբերյալ ավելին իմանալու համար անցնել հետևյալ հղմամբ:
Սոցիալական արդարություն կենտրոնի գիտաշխատող Լեվան Տալախաձեն հետազոտության արդյունքները ներկայացնելիս կարևորեց այս ընտրությունները՝ նշելով, որ այն ունի այսօր ստացել է հանրաքվեի տեսք: Անդրադառնալով Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի ընտրական միջավայրին ու խնդիրներին, նա մասնավորապես նշեց․
«Էթնիկ փոքրամասնությունները կազմում են Վրաստանի բնակչության գրեթե 14 տոկոսը: Գաղտնիք չէ, որ նրանց մոտ ավելի մեծ խնդիր է աշխատատեղ գտնելը․ ունենում են համեմատաբար ցածր աշխատավարձ՝ լեզվին տիրապետելու մշտական խնդրի պատճառով, հասանելիությունը ավելի քիչ է տարբեր ոլորտներում: Սրանք, իհարկե, խնդիր են նաև ընտրական շրջանում՝ ինֆորմացիայի պակասի, լեզվին չտիրապետելու պատճառով, բնականաբար, ավելի դժվար է կատարել գիտակցված ընտրություն»:
Հետազոտությունը վերաբերում է նաև նախընտրական շրջանում լրատվամիջոցների գործունեությանը:
Այդ առումով անընդունելի համարեցին վերջերս տեղի ունեցած այլատյացության փորձերը։ Հիշեցնենք՝ իշխանական մեդիայի լրագրողը հայատյաց հարցեր էր ուղղել ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին։
«Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել էր դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ «մեղադրելով» նրան «հայ» լինելու մեջ: