Վրաստանի խորհրդարանի հարակից Չիտաձեի փողոցում «ռուսական օրենքի» ընդունման դեմ բողոքող ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Այս պահին տեղում իրավիճակը լարված է։ Խորհրդարանի հարևանությամբ կապի միջոցների աշխատանքը խանգարող մեխանիզմ է օգտագործվում, ինչը գրեթե անհնար է դարձնում ինտերնետից օգտվելը:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ, հատուկջոկատայինները փորձում են շրջափակել ցուցարարներին, սակայն վերջիններս չեն պատրաստվում լքել տարածքը:
Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ «այն բանից հետո, երբ ստորաբաժանման ներկայացուցիչները լքել են խորհրդարանի հարակից տարածքը, հանրահավաքի մասնակիցներն ագրեսիվ են դարձել՝ փորձելով վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դռները»։
ՆԳՆ–ի մամուլի կենտրոնը հաստատում է, որ «պղպեղի սփրեյ» և ջրի շիթեր է կիրառել։ Ժամը 21:30-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ պատգամավորներն ու խորհրդարանի գրասենյակի աշխատակիցներն ապահով լքել են օրնսդիրի շենքը, իսկ ոստիկանությունը՝ խորհրդարանի հարակից տարածքը։
Ի դեպ, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը հայտնի է «ռուսական օրենք» անվամբ։ Լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նախագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 23 պատգամավոր։