Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն ընդհատվել է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի նախագահության պատճառով, իսկ քաղաքացիները Պուտինին հայհոյող պաստառներով ու վանկարկումներով դուրս են եկել փողոց, փակել այն հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են 23 երկրների պատվիրակությունների անդամները:
Երեկոյան՝ ժամը 19։00-ին նախատեսվում է Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացնել լայնամասշտաբ բողոքի ցույց:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում լարված իրավիճակ է․ այստեղ անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ներկա է նաև պատվիրակություն Ռուսաստանից։ Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։
Ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ևս հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին, վերջինս երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է շարունակվեր մինչև հունիսի 23-ը:
Լարված իրավիճակ Թբիլիսիում
Posted by Aliq Media on Thursday, June 20, 2019
Լուսանկարները՝ Աննա Թանդարյանի