Վրաց-ռուսական սահմանի մոտակայքում սկսված Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի վրա 9 կմ երկարությամբ թունելի հորատման և շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են: Այս մասին տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն ավտոճանապարհային վարչությունը։
Վրաստանի կառավարության տեղեկությամբ, Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Ռուսաստանին կապող հյուսիս-հարավ միջանցքի արագընթաց մայրուղու արդիականացման ծրագրի առանցքային մասն է: Նախագծով նախատեսվում է կառուցել 2 գոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել և 1 կամրջի վերականգնում։ Դրանց թվում է Վրաստանի ամենամեծ՝ 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելի կառուցումը, որը կլինի աշխարհի եզակի թունելներից մեկը։
Ինչպես հայտնում է կառավարությունը, գործող ճանապարհի երկարությունը 34 կմ է, իսկ նոր ճանապարհի երկարությունը կկազմի 23 կմ, ինչը 11 կմ-ով կնվազեցնի ճանապարհը, իսկ երթևեկությունը՝ 1 ժամով։
Հարկ է նշել, որ այս ճանապարհը կարևոր նշանակություն ունի Հայաստանի՝ Վրաստանի տարածքով, Ռուսաստանին կապող տնտեսական ուղու համար: Ամեն տարի Հայաստանից Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ փոխադրողներն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում, իսկ տարվա գրեթե 4 ամիսների ընթացքում ձյան և տեղումների պատճառով այս ճանապարհն անանցանելի է լինում:
«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ այս ճանապարհը տարեկան մոտ 100 օր փակ է լինում, և մեր բնակչությունը չի կարողանում տեղաշարժվել, հետևաբար այս նախագիծը կարևոր է մեր երկրի և բնակչության, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար», — այս մասին՝ սեպտեմբրի 10-ին թունելի շինարարության մեկնարկի ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցերեկային ժամերին ճանապարհին շարժվում է մոտ 3-4 հազար տրանսպորտային միջոց, որից 70%-ը թեթև է, մնացածը՝ արտաճանապարհային բեռնատարներ։
Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ADB, EBRD) ֆինանսական աջակցությամբ։
Շինարարության ընթացքը վերահսկվում է UBM միջազգային վերահսկողական ընկերության կողմից։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր