Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիներն այլևս չեն կարողանա հատել վրաց-ռուսական «Վերին Լարս-Կազբեգի» անցակետը՝ առանց նախապես ժամի և ամսաթվի ամրագրման, գրում է BusinessPressNews-ը:
Ընդգծվում է, որ սահմանին գործարկվող էլեկտրոնային հերթերի համակարգն այս փուլում պարտավորեցնում է միայն բեռնատարների վարորդներին նախապես ամրագրել Ռուսաստանի սահմանը հատելու ամսաթիվը և ժամը։
Հարկ է նշել, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն, չճշտված տեղեկություն կա, թե այն կիրականացվի հիմա, այսինքն՝ 2023 թվականի մարտի 1-ից և ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի մարտի 1-ը։
Նշենք, որ «Ռուսաստանի Դաշնությունում ավտոճանապարհների և ճանապարհային գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախնական տարբերակում նշված չէր, թե տրանսպորտային որ տեսակի վրա է տարածվելու այն։ Telegram-ի ալիքներում խուճապ է սկսվել։ Ռուս օգտատերերը վստահ են, որ նոր օրենքը իրականում կապված է Ռուսաստանում մոբիլիզացիայի հերթական ալիքի հետ։
Պետդումայի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված և Պուտինի ստորագրած փաստաթուղթը, սակայն, ներառում է առանձին հոդված, որը կարգավորում է սահմանին ժամանակի վերապահումը միայն առևտրային բեռնատարների համար։
Նոր համակարգը չի վերաբերի ՌԴ-ի բոլոր սահմաններն, այլ կգործի այն հատվածներում, որտեղ հերթերի խնդիրներ կան։ Օրենքը սահմանում է սահմանային անցակետերի ցանկ, որտեղ միջազգային բեռնափոխադրումների բեռնատար մեքենաները պետք է անցնեն հերթի էլեկտրոնային գրանցում։ Մասնավորապես, խնդրահարույց սահմանային կետերից են Չինաստանի հետ «Զաբայկալ»-ը, ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս -Կազբեգի»-ն, Ադրբեջանի հետ «Յարագ-Կազմալիար»-ը: