Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ թունելում աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով՝ արդեն 3 042 մետր խորության վրա, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
Ի դեպ, կառուցումից զատ, թունելը նաև պարսպապատվում է։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Քվեշեթի-Կոբի թունելի շինարարական աշխատանքները ստուգելուց հետո ասել է, որ օրական մոտավորապես 12-15 մետր փորման աշխատանքներ են կատարվում.
«Մենք լիահույս ենք, որ երկրաբանական պայմանները թույլ կտան պահպանել թունելների կառուցման ներկայիս գրաֆիկը։ Սարքը բարձր տեխնոլոգիական է, և դրա բոլոր կարևոր բաղադրիչները ղեկավարվում են կառավարման վահանակի սենսորների միջոցով։ Անվտանգությունն ապահովված է ինչպես տարհանման գործընթացում, այնպես էլ ծրագրի շրջանակներում՝ 9 կմ տարհանման թունելի, օդափոխության, հրդեհաշիջման, ծանուցման համակարգերի և բազմաթիվ այլ բաղադրիչների համակցությամբ։ Կարելի է ասել, որ մենք կունենանք իսկապես եզակի և միաժամանակ չափազանց անվտանգ թունել՝ հագեցած բոլոր անհրաժեշտ համակարգերով»։
Քվեշեթի-Կոբի ժայռապատ ճանապարհի 9 կմ երկարությամբ և 15 մետր տրամագծով շարունակական թունելի շինարարական աշխատանքները սկսվել են 2021 թվականի մայիսին։
Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակներում կկառուցվեն, ընդհանուր առմամբ, 23 կմ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել։ Դրանցից 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելը, որը հորատվում է քարքարոտ ժայռերի մեջ, կլինի ամենամեծը Վրաստանում և եզակիներից մեկը աշխարհում։
Նոր 23 կմ ճանապարհը 11 կմ-ով կկրճատի նախկին ճանապարհը, իսկ ճանապարհն անցնելու համար 1 ժամի փոխարեն կպահանջվի 15 րոպե։ Ճանապարհի գրեթե 70 տոկոսը կունենա լրացուցիչ գոտի։
Նախագիծը նաև նախատեսում է փոքր ենթակառուցվածքային ծրագրեր՝ բնակչության կարիքներին համահունչ, ներառյալ նոր տրանսպորտային ցանցի ստեղծումը տեղական ճանապարհների կառուցմամբ և առկա հին գյուղական ճանապարհների վերանորոգմամբ ու զբոսաշրջային կենտրոնի կառուցմամբ։