Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավիրական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածում ակտիվորեն ընթանում են 9 կմ երկարությամբ թունելի հորատման և շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկությունը տարածում է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։
Նշվում է, որ գլխավոր թունելում TBM տեխնիկայով արդեն հորատվել է 770 մետր, երկաթբետոնե սալիկներ են տեղադրվում։
Ըստ տվյալների՝ տարհանման թունելում այս պահին հորատվել է 2 644 մետր։
Հարկ է նշել, որ այս ճանապարհը կարևոր նշանակություն ունի Հայաստանի՝ Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող տնտեսական ուղու համար: Ամեն տարի Հայաստանից Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ փոխադրողներն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում, իսկ տարվա գրեթե 4 ամիսների ընթացքում ձյան և տեղումների պատճառով այս ճանապարհն անանցանելի է լինում:
Նշենք նաև, որ Քվեշեթի-Կոբի նոր, շրջանցիկ ճանապարհի նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ADB, EBRD) ֆինանսական աջակցությամբ։
Շինարարության ընթացքը վերահսկվում է UBM միջազգային վերահսկողական ընկերության կողմից։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։