Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) լարիի փոխարժեքը պահպանելու համար արտարժույթի աճուրդում վաճառել է 64,9 մլն դոլար: Սա լարիի փոխարժեքի պահպանման նպատակով վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ միջամտությունն է:
«Արժույթի շուկայում շարունակվում է միանվագ խոշոր գործարքների ազդեցությունը, որն ազդում է լարիի փոխարժեքի վրա։ Ավելորդ տատանումներից խուսափելու համար Ազգային բանկն այսօր որոշել է արտարժույթի աճուրդ անցկացնել։
Եվս մեկ անգամ նշում ենք, որ արտարժույթի շուկայում տեղի ունեցած վերջին տատանումները կապված չեն մակրոտնտեսական գործոնների հետ, հետևաբար՝ նման տատանումները կարճաժամկետ են»,- ասված է ԱԲ-ի հաղորդագրության մեջ։
64,9 մլն դոլարի վաճառքից հետո լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 1,31 թեթրիով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 1,75 թեթրիով։ Այսօրվանից՝ հոկտեմբերի 17-ից սկսած, 1 դոլարը կարժենա 2,7143 լարի, 1 եվրոն՝ 2,9567 լարի։
ԱԲ-ն հոկտեմբերի 8-ին վաճառել է 48,5 մլն դոլար։ 10 օր առաջ վաճառված դոլարը լարիի փոխարժեքն ամրապնդել է 2,21 թեթրիով։
Նշենք նաև, որ «Վրացական երազանք» կուսակցության կողմից «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո ԱԲ-ն արժութային աճուրդում իր պահուստներից վաճառել է, ընդհանուր առմամբ, 282 մլն 100 հազար ԱՄՆ դոլար։