Վրաստանի կոմերցիոն բանկերում մեկ դոլարն այսօր վաճառվում է 2,97 լարիով: Օրվա ընթացքում որոշ փոխանակման կետերում դոլարի արժեքը հասել է 3 լարիի:
Երկրի կենտրոնական բանկը հայտարարել է, որ վաղը՝ օգոստոսի մեկին, կվաճառի պահուստային 40 մլն․ դոլար՝ տարադրամի աուկցիոնում: Հայտարարությունում նշվում է, որ զբոսաշրջության հետ կապված շոկի ֆոնի վրա դոլարի փոխարժեքը հասել է այն աստիճանին, որ կարող է վտանգի տակ դնել գների կայունությունը: Նշվում է, որ գերատեսչությունը պատրաստ է ինտերվենցիայի, իսկ եթե արժեզրկումը շարունակվի, բանկը մտադիր է խստացնել մոնետար քաղաքականությունը:
Հունիսի 20-ից մինչ օրս լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 6,6 տոկոսով: Լարիի արժեզրկման տենդենց նկատվում է տարեսկզբից:
Որոշ տնտեսագետներ որպես պատճառ նշում են իշխանությունների սխալ տնտեսական քաղաքականությունը:
Նախորդ իշխանությունները նույնպես ներկայիս ղեկավարությանը մեղադրում են տնտեսական քաղաքականության սխալ ուղղության մեջ: Վրաստանի նախկին նախագահը ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել, որում նշել է իր ղեկավարման տարիներին լարի փոխարժեքներն ու որպես համեմատություն՝ լարիի փոխարժեքը 2013-ից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ իշխանության եկավ «Վրացական երազանքը»:
Հիշեցնենք՝ նախօրեին կենտրոնական բանկը ևս մեկ հայտարարություն էր արել, նշելով, որ լարիի արժեզրկման հիմնական պատճառը զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրներն են: Համարվում է, որ Վրաստանը զրկվել է զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի 20 տոկոսից, այն բանից հետո, երբ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Վրաստանի հետ օդային հաղորդակցությունն արգելվեց: Իշխանությունները չեն բացառում, որ ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազեցման պատճառով այս սեզոնին այս ոլորտում եկամուտները կկրճատվեն 750 մլն․ դոլարով: