Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը քննադատել է «Վրացական երազանք»-ի առաջնորդներից չլեգիտիմացված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին: Պապուաշվիլին նախօրեին հայտարարել էր, որ «սննդի վրա թքելը և մեջքի հետևում նման պահվածքը լիտվական ոճ է»։
«Ճնշող ռեժիմները պետք է զգույշ լինեն, երբ իրենց հակառակորդներին համեմատում են լիտվացիների հետ, քանի որ լիտվացիները նման բաներում հաղթելու պատմություն ունեն», — հունվարի 13-ին X հարթակում գրել է Լանդսբերգիսը:
Նախորդ երեկոյան, Թբիլիսիի «Բաբիլո» ռեստորանում դատավորների կորպորատիվ երեկույթին զուգահեռ, Պապուաշվիլին Facebook-ում գրել էր. «Իմացած եղեք, որ ուտելիքի մեջ թքելը և ձեր մեջքի հետևում նման բաներ անելը լիտվական ոճ է և միշտ համարվել է ամենաամոթալի պահվածքը: Փաստն այն է, որ մենք ականատես ենք ամենաոչ վրացական բողոքի ակցիայի, որը հիմնված է Լիտվայից կրկնօրինակված այս խայտառակ պահվածքի վրա»։
«Խորհրդային անցյալի ուսումնասիրության լաբորատորիա»-ի նախագծի ղեկավար, նախկին պատգամավոր Գիորգի Կանդելակիի խոսքով, այս հայտարարությամբ Պապուաշվիլին ինքն իրեն «օկուպանտ» է ներկայացրել: Ըստ նրա՝ օկուպանտների համար սննդի մեջ թքելը սովորական պրակտիկա էր ոչ միայն Լիտվայում, այլև Էստոնիայում, Լեհաստանում և այլ երկրներում. նա Պապուաշվիլիին անվանել է «Բիձինայի ծաղրածու»:
Հունվարի 12-ին, երբ Թբիլիսիի «Բաբիլո» ռեստորանում տեղի ունեցավ դատավորների կորպորատիվ երեկույթ և զուգահեռ բողոքի ցույց, սոցցանցերում կոչեր հնչեցին ռեստորանի աշխատակիցներին, որ թքեն մատուցվող սննդի մեջ։