Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, անժամկետ (ցմահ) տրված, ոչ էլեկտրոնային (լամինացված թղթային) նույնականացման քարտերը չեղարկվեցին։ Մարտի 15-ից դրանց փոխարինումը թվայնացված նոր ID քարտերով անվճար էր:
2023 թվականի նոյեմբերի դրությամբ շուրջ 230 հազար քաղաքացի ուներ լամինացված նույնականացման քարտ։ Ըստ տվյալների՝ լամինացված նույնականացման քարտերն էլեկտրոնային նույնականացման քարտերով (ID քարտ) անվճար փոխարինման առավելությունից մինչ այժմ օգտվել է 105 հազար 131 քաղաքացի:
Ծառայությունների զարգացման գործակալությունից հայտնել են, որ քաղաքացիները դեռ կարող են դիմել սպասարկման կենտրոններ և Արդարադատության տուն՝ ID քարտերը փոխելու համար։
Նշենք, որ Վրաստանում ընտրություններին քվեարկելու, բանկային և պետական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ:
Ուշագրավ է նաև, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների համար գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններում քվեարկությունը հնարավոր կլինի միայն էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթով կամ անձնագրով։ Խորհրդարանն օրենսդրությունը փոխեց հենց սրա պատճառով. 2023 թվականի դեկտեմբերին օրենք ընդունվեց, ըստ որի՝ մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը թողարկված բոլոր լամինացված նույնականացման քարտերը չեղարկվելու են 2024 թվականի հուլիսի 1-ից։