Formula հեռուստաընկերությունը փոխանցում է, որ փաստաթղթեր է ձեռք բերել, որոնցից պարզ է դառնում՝ New City Development ընկերությունը, բացի Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող «Լագունա Վերե»-ից, գնել է նաև «Լագունա Վերե»-ին հարող տարածքը:
Ըստ Formula-ի՝ այդ տարածքում նախատեսվում է երկնաքերերի և հիպոդրոմի մի մասի կառուցումը: Ի դեպ, նշված տարածքները մինչ այժմ պատկանում էին «Քարթու» հիմնադրամին, որը պատկանում է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին:
Հիպոդրոմի մերձակա հատվածը մոտ 70 հազար քառակուսի մետր է, որից 10 հազար քառակուսի մետրն արդեն ընկերության սեփականությունն է, իսկ լրացուցիչ տարածքի գրանցումը կլինի առաջիկա մի քանի ժամում: New City Development-ի խնդրանքն արդեն հանրային ռեգիստրում է:
Հանրային ռեգիստրի քաղվածքից պարզ է դառնում, որ 12 հազար 665 քմ տարածքը 2023 թվականի օգոստոսի 10-ից պաշտոնապես փոխանցվել է New City Development ընկերության սեփականությանը։ Օգոստոսի 11-ին ընկերությունը հայտարարեց, որ շուտով Թբիլիսի կվերադառնա «Լագունա Վերե» մարզաառողջարարական լողավազանը, և նախատեսվում է վերականգնել լողի համալիրը։
Ի դեպ, հունվարի 18-ին Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն հայտարարեց, որ «Քարթու» հիմնադրամին պատկանող «Մետաքսի գործարան»-ի տեղում «Լագունա Վերե» շրջանում նախատեսվում է կառուցել 65-հարկանի համալիր։ Նա հայտարարությունը վերնագրել էր այսպես. «Բիձինայի նվերը թբիլիսցիներին»:
Ի պատասխան այս տեղեկատվության՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ «Լագունա Վերե»-ի տարածքում վերականգնումից հետո «Մետաքսի գործարան»-ի ենթակառուցվածքն ու հին շենքը ամբողջությամբ կպահպանվեն։