Կխստացվի պիրոտեխնիկայի ներմուծման և առքուվաճառքի կանոնները

«Վրացական երազանք»-ը խորհրդարան է ներկայացրել պիրոտեխնիկայի ներմուծման և առքուվաճառքի կանոնների խստացման օրինագիծ:

Հանրահավաքների ժամանակ արգելված իրերի ցանկում նաև կավելացվի պիրոտեխնիկան՝ հրազենի ու պայթուցիկ նյութերի հետ մեկտեղ։

Նախատեսվում է, որ այս շաբաթ օրենքն արագացված կարգով կընդունվի։

Օրինագծի համաձայն՝ պիրոտեխնիկայի ներմուծման, արտադրության և վաճառքի թույլտվությունը կտրամադրի ներքին գործերի նախարարությանը կից քաղաքացիական անվտանգության գործակալությունը։ Կառավարությունը մինչև փետրվարի 1-ը պետք է մշակի պիրոտեխնիկայի առևտրի տեխնիկական կանոնակարգերը։ Կհաստատվեն նաև թույլտվություն/լիցենզիա տալու կանոններն ու պայմանները։

Առևտրի լիցենզիայի առաջարկվող արժեքը կկազմի 200 լարի, իսկ խախտումների համար տուգանքները կսկսվեն 2 հազար լարիից:

Առանձին լիցենզիա կպահանջվի որոշակի տեսակի պիրոտեխնիկայի օգտագործման համար։

Պիրոտեխնիկական արտադրանքի պահպանման, փոխադրման կամ օգտագործման կանոնները խախտելը, որը կհանգեցնի ծանր հետևանքների, պատժվում է ոչ միայն տուգանքով, այլև ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով։

Նշենք, որ «Վրացական երազանք»-ը «վերակազմավորման» անվան տակ հեշտացնում է պետական աշխատողների աշխատանքից ազատելու գործընթացը, նաև ցուցարարներին արգելելու ցույցերի ընթացքում «տարբեր ձևերով թաքցնել իրենց դեմքերը»։ 

Հայտնի դարձավ նաև, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է պարզեցնել ներքին գործերի նախարարարության (ՆԳՆ) աշխատակից դառնալու կարգը: