
«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագծի համաձայն՝ թատրոնը ղեկավարելու է բացառապես տնօրենը, իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ կվերացվի։
«Վրացական երազանքը» համապատասխան փոփոխություններ է ցանկանում մտցնել «Պրոֆեսիոնալ թատրոնների մասին» օրենքում։
Գործող օրենքով գեղարվեստական ղեկավարը թատրոնի ընդհանուր ղեկավարն է, որը որոշում է ստեղծագործական ուղղությունը և պատասխանատու է թատրոնի գործունեության համար, իսկ թատրոնի տնօրենն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է վարչատեխնիկական, կազմակերպչական և ֆինանսական կառավարում։
«Թատրոնի կառավարման այս ձևը ճկուն չէ, չի կարող լուծումներ տալ ժամանակակից մարտահրավերներին, հետևաբար, անհրաժեշտ է համատեղել վերը նշված երկու պաշտոնները, թատրոնի միակ ղեկավար նշանակել թատրոնի տնօրենին»,- կարդում ենք օրինագծի բացատրության մեջ։