Կվարացխելիային առնչվող ֆուտբոլային սկանդալ

Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբը քննադատել է վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուղելիին և ֆուտբոլիստի հորը՝ Բադրի Կվարացխելիային: «Նապոլի»-ն հայտարարել է, որ ակումբն ինքը կորոշի Կվարացխելիայի ճակատագիրը։

«Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուղելիի և նրա հոր՝ Բադրի Կվարացխելիայի հայտարարությունների վերաբերյալ «Նապոլի»-ն կրկնում է, որ ֆուտբոլիստը ևս երեք տարվա պայմանագիր ունի ակումբի հետ:

Կվարացխելիան տրանսֆերային շուկայում չէ։ «Նապոլի»-ի հետ պայմանագիր ունեցող խաղացողի ճակատագիրը ոչ թե գործակալներն ու հայրերն են որոշում, այլ «Նապոլի» ակումբը։ Լուրի ավարտ»,- X-ի իր միկրոբլոգում հունիսի 17-ին գրել է «Նապոլի»-ն:

Ի դեպ, հունիսի 16-ին վրաստանյան իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Մամուկա Ջուղելին ու Բադրի Կվարացխելիան (նրանք ընկերներ են) խոսել են Խվիչա Կվարացխելիայի ֆուտբոլային ապագայի մասին։

Նրանք տեսակետ են հայտնել, թե այլևս չեն ցանկանում, որ վրացի խաղացողը մնա «Նապոլի»-ում, քանի որ ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի նվաճել։ Ջուղելին, սակայն, նաև նշել է, որ դա Խվիչա Կվարացխելիայի որոշելիքն է, նրա հետ դեռ չեն խոսել, և այդ հարցը կքննարկեն Եվրոպայի առաջնության ավարտից հետո։