Կվարացխելիան հրաժեշտ տվեց «Նապոլի»-ին

Վրաստանի հավաքականի և իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի խաղացող Խվիչա Կվարացխելիան «Նապոլի»-ին հրաժեշտ տվեց «Մարադոնա» մարզադաշտից՝ տեսաուղերձով: Վրացի ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբին, անձնակազմին և տեղի երկրպագուներին:

Մեկնելուց առաջ Կվարացխելիան եղել է նաև քաղաքի հայտնի վայրում, որտեղ գտնվում է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մեծ որմնանկարը։

Կվարացխելիան իտալական «Ա» Սերիայում «Նապոլի»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղացել է 85 անգամ՝ դառնալով 28 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Նապոլի»-ում Կվարացխելիան նվաճել է Սկուդետտոն՝ դառնալով «Ա» Սերիայի լավագույն խաղացողը և 2022-2023 Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ խաղացողը։

Նշվում է՝ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենում (ՊՍԺ), հետևաբար, Ֆրանսիայի Լիգա 1-ում Վրաստանի ազգային հավաքականը կունենա երեք խաղացող՝ Գիորգի Միքաուտաձե (Լիոն), Զուրիկո Դավիթաշվիլի (Սենտ Էտյեն) և Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ):