Վրաստանի բնակչության գրեթե 70 տոկոսը չի վստահում երկրում գործող քաղաքական կուսակցություններից և ոչ մեկին, ինչը վկայում է քաղաքական դաշտի հանդեպ քաղաքացիների «անվստահության» բազմապատկումը: Հետևաբար, քաղաքացիները չեն հավանում այն կառավարման ձևը, որն ընտրել են նախկին և ներկա կառավարող ուժերը: Այս հարցումը պետք է «սառը ցնցուղ» լինի քաղաքական կուսակցությունների համար: Այս տեսակետն են հայտնում վրացի վերլուծաբանները՝ ամփոփելով «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման արդյունքները:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար NDI-ի հարցման արդյունքերով ստացած 25 տոկոսն ավելի ցավալի արդյունք է, քան ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ստացած 6-ը:
Ըստ Զաքարեիշվիլիի, եթե ՄԱՇ-ի նախագահի ընտրություններն անցկացվեին դեկտեմբերին, որից հետո այս հարցումները ձեռնարկվեին, ապա ՄԱՇ-ի վստահության տոկոսն ավելի ցածր կլիներ: Սակայն, ըստ կոնֆլիկտաբանի, սա այդքան մտահոգիչ չէ, քանի որ երկրի կառավարման ղեկը և ապագան ՄԱՇ-ի ձեռքում չեն:
«Իշխող կուսակցության համար 25 տոկոս վստահությունը ողբերգություն է. ստացվում է` քաղաքացիների 75 տոկոսը ոչ մի սպասելիք չունի իշխող կուսակցությունից: Հետևաբար, նրանք ավելի շատ պետք է աշխատեն՝ քաղաքացիների շրջանում վստահության վերականգնման համար»,- ասաց Զաքարեիշվիլին:
Նրա խոսքով, հասարակության մեջ այս թերահավատությունը իշխող կուսակցության նկատմամբ ձևավորվել է նրանց վարած քաղաքականության և հռետորաբանության հետևանքով, մասնավորապես՝ «պատերա՞զմ եք ուզում, թե՝ ոչ». ըստ՝ կոնֆլիկտաբանի` նման հռետորաբանությունը, մեղմ ասած, «չի աշխատում»:
«Յուրաքանչյուր իշխող ուժ ունի մոտ 20 տոկոս վարչական ռեսուրս. դրանք են պետական ոլորտի ցանկացած աշխատող անձ, տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող ցանկացած անձ, ոստիկան, այս ոլորտներում աշխատողների ընտանիքների անդամները և այլք. ահա թե ինչպես է ձևավորվել այդ 25 տոկոսը»,- նկատեց Զաքարեիշվիլին:
RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեի կարծիքով, որոշ բացառություններով, սակայն, այսօրվա վրացի ընդդիմադիրին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝ անգրագիտություն, ժամանակակից միտումներից անտեղյակություն, իրական խնդիրների վրա աչք փակել և այլն: Ըստ Աբաշիձեի՝ NDI-ի հարցման արդյունքները միանգամայն տրամաբանական են։
«Չնայած ցավալի պատկերին, ես հավատում եմ, որ եթե դեպի ճիշտ ուղի անցում կատարվի, ապա ճանապարհը «կբացվի» այնքան, որքան որ հիմա փակ է:
Անհնար է փոխել կառավարման ընթացքը` հենվելով միայն արտաքին քաղաքականությանը, փոփոխությունների համար անհրաժեշտ են սոցիալական, տնտեսական, պաշտպանական և, առհասարակ, բիզնես ուղղվածություն դեպի ապագա»,- նշեց Աբաշիձեն:
Նրա խոսքով, NDI-ի հարցման արդյունքները պետք է «սառը ցնցուղ» լինեն, այլ ոչ թե «ինքնասպանության» պատճառ:
Նշենք, որ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման համաձայն՝ հարցվածների մեծ մասը դեռևս քաղաքականապես կողմնորոշված չէ: Հարցվածների 39 տոկոսը նշել է, որ ոչ մի քաղաքական կուսակցություն համահունչ չէ իր տեսակետներին։ Ըստ հարցման՝ կուսակցությունների աջակցության անհատական ցուցանիշներն այնքան ցածր են, որ դրանք չեն կարող հիմք դառնալ ընտրությունների արդյունքների կանխատեսման համար։
Մասնավորապես, ըստ հարցվածների 25 տոկոսի՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ամենամոտն է իրենց տեսակետներին, 6 տոկոսը՝ ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանն է համարում իր տեսակետներին հարազատ, 13 տոկոսը՝ այլ կուսակցությունների։ Հարցման համաձայն՝ «Վրացական երազանքին» աջակցությունը համեմատաբար մեծ է գյուղական բնակավայրերում, իսկ քաղաքներում` փոքր է: