Վրաստանի խորհրդարանը 77 կողմ ձայնով երրորդ ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Երթևեկության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են ճանապարհային անվտանգության խնդիրներին։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը լիագումար նիստում ներկայացրել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նրա խոսքով, երկրորդ ընթերցումից հետո «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում միայն խմբագրական շտկումներ են արվել։
Փոփոխությունների մի մասը վերաբերում է արագության գերազանցման համար տուգանքի չափի ավելացմանը, նաև` մեքենայի աղմուկի կարգավորման խնդրին։ Ըստ այդմ, եթե տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում առաջացած աղմուկը գերազանցի սահմանված նորմերը,դրան կհետևեն տուգանքներն ու վարորդական իրավունքի միավորների կրճատումը։
Ավտոմեքենան դիտավորյալ պտտելը, պտտեցնելով շրջադարձ կատարելը, նաև դրիֆթինգը՝ բացառությամբ օրենքով սահմանված կարգով անցկացվող մասնագիտական սպորտային միջոցառմանը մասնակցելու դեպքերի, նույնպես կտուգանվեն: Օրենքի նախագիծը տարածվելու է նաև մգացված ապակիների և թարթող ազդանշանների օգտագործման վրա՝ սահմանված կանոնների խախտմամբ։
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը, իսկ աղմուկի մասին կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։