Եվրոպայի ապագան կորոշվի Ուկրաինայի պատերազմի, Մոլդովայի ընտրությունների և Վրաստանի ընտրությունների արդյունքում, Վարշավայի անվտանգության գագաթնաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու Վրաստանի համար։ Դրան զուգահեռ, ըստ նախագահի՝ Ուկրաինան պաշտպանում է նաև Վրաստանի ապագան. «Ինչպես Ուկրաինան պայքարում է իր անկախության և Եվրոպայի ազատության համար, նա նույնպես պայքարում է մեր ազատության համար»:
Ըստ Զուրաբիշվիլիի՝ Ուկրաինայում պատերազմի ելքը և Վրաստանում ու Մոլդովայում ընտրությունների արդյունքներով պայմանավորված կլինեն, օրինակ՝ Սև ծովի անվտանգությունը և դրա ապագան։
«Դա նաև սահմանում է Եվրոպայի դերը Կովկասում և մեր արևմտյան գործընկերների ներգրավվածությունը: Կշեռքի նժարին է դրված նաև Հայաստանի ապագան, որը մոտենում է Եվրամիությանը։ Մարտահրավերները, որոնց մենք այժմ բախվում ենք, ավելի կարևոր են, քան որևէ այլ բան, և դրանք պահանջում են խաղաղություն. խաղաղություն ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով թե՛ Վրաստանում, թե՛ Մոլդովայում», — ասել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին ասել է՝ «այն քաղաքականությունը, որն այսօր կիրառում է Ռուսաստանը Վրաստանում, ներկայացուցչական է՝ «Վրացական երազանք»-ն իսկապես դարձել է ռուսական շահերի կրող»:
Հիշեցնենք. սեպտեմբերի 27-ին Փարիզում «Բուչայից առաջ Աբխազիան է եղել» վավերագրական ֆիլմի ցուցադրումից առաջ նախագահը հայտարարել էր՝ եթե 2024 թվականի վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը: