Վրաստանում կրթության հարցերով զբաղվող 5 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) կուսակցություններին առաջարկել են «Կրթության հռչակագիր», ըստ որի՝ կուսակցությունները պետք է պարտավորվեն ապահովել կրթության ազատությունը կուսակցական վերահսկողությունից և զերծ մնան կրթական համակարգը կուսակցական շահերի համար օգտագործելու արատավոր պրակտիկայից։
Հռչակագրի տեքստում ընդգծված է, որ տասնամյակներ շարունակ կրթական համակարգում որակի բարելավում չի նկատվում։ Նշված է նաև, որ ուսանողների ակադեմիական արդյունքները հետ են մնում ցանկալի ցուցանիշներից, սահմանափակ են հասանելիությունը ժամանակակից ենթակառուցվածքներին և ռեսուրսներին, ապահովված չեն աշակերտների և ուսուցիչների, ուսանողների և դասախոսների բարեկեցությանն անհրաժեշտ մեխանիզմները:
Ոլորտի զարգացմանը խոչընդոտող առանցքային գործոններից է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նպատակների համար կրթական համակարգը իրեն ենթարկելու և վերահսկելու հակաժողովրդավարական գործելակերպը։
«Պետական պաշտոնյաները փորձում են կրթական համակարգն օգտագործել ընտրական նպատակներով, ինչը հանգեցնում է քաղաքական ընտրության, կադրերի պատժի և պարգևատրման, որակի կառավարման մեխանիզմների կուսակցական օգտագործման, պոպուլիստական, անկայուն լուծումների և այլ արատավոր մոտեցումների։
Առանց ժողովրդավարական սկզբունքի վրա հիմնված քաղաքականության անհնար է բարելավել Վրաստանի կրթական համակարգը և դրա կայուն, արդյունքի միտված զարգացումը»,— նշված է հռչակագրում:
Նախաձեռնության հեղինակներն են «Կրթական քաղաքականության կենտրոն», «Ծնողները կրթության համար», «Խորհրդատվական և ուսումնական կենտրոն», «Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան հարաբերությունների կենտրոն», «Վրաստանի կրթության ոլորտի աշխատողների միություն» ՀԿ-ները: