Վրաստանի կրթական համակարգում փոփոխություններ են սպասվում: Փոփոխությունների մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոսել է Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին:
Ըստ ԿԳ նախարարի՝ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր քաղաքականությունը կվերաբերի բոլորին` նրանց կարգավիճակից անկախ: ԿԳ նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ուսուցիչների ձեռք բերած կարգավիճակը (ավագ, առաջատար, մենթոր- խմբ.) չի չեղարկվի, և նախարարությունը պատրաստ է աշխատել արհմիությունների հետ՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման սխեմայի (համակարգի) բարեփոխումների ուղղությամբ:
Ուսուցիչների աշխատավարձը լրիվ ծանրաբեռվածության (շաբաթական 18 ժամ- խմբ.) դեպքում հուլիսի 1-ից կբարձրանա միջինը մինչև 500 և ավելի լարի: ԿԳ նախարարի պարզաբանմամբ՝ կբարձրանա նաև այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք լրիվ ծանրաբեռնված չեն, բնականաբար՝ իրենց ժամաքանակին համապատասխան:
Ընդգծենք նաև, որ, ըստ նախարարի՝ 2024 թվականից 10 տոկոսով կբարձրանա դպրոցների վարչակազմի աշխատավարձը, իսկ դպրոցի տեխնիկական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 10-50 տոկոսով:
Նախարարը խոսել է նաև ազգային ուսումնական պլանում (ԱՈՒՊ) փոփոխությունների մասին: Նրա խոսքով, նոր ԱՈՒՊ-ը ենթադրում է ավելի մեծ ինքնավարություն պետական և մասնավոր դպրոցներին:
Դպրոցների միջին մակարդակում կներդրվի նոր կրթական մոդել, ըստ որի՝ աշակերտը դպրոցական առարկաների հետ միասին, ըստ իր հետաքրքրությունների շրջանակի, հնարավորություն կունենա ընտրելու բնագիտական, հումանիտար կամ մասնագիտական կրթական ծրագրեր: ԿԳ նախարարի պարզաբանմամբ՝ այս համակարգն աշակերտներին կօգնի, որ ատեստատ ստանալուց հետո աշխատեն կամ սեփական փոքրիկ բիզնես հիմնեն: