Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վրաստանի Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու հետևորդներին Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ:
«Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցին նշում է Տյառնընդառաջը՝ Հիսուսի ընծայումը տաճարին: Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Հայ առաքելական Ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմին և հավատացյալներին»,- ասված է գործակալության տարածած շնորհավորական ուղերձում։
Հիշեցնենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: