Վրաստանի հանրային պաշտպանին առընթեր կրոնական և ազգային փոքրամասնությունների խորհուրդները արտակարգ հայտարարությամբ են արձագանքել խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի քննարկմանը և ծայրահեղ մտահոգություն են հայտնել ընթացիկ օրենսդրական գործընթացի վերաբերյալ։
Նրանց պարզաբանմամբ՝ այս գործընթացն ուղղված է ողջ քաղաքացիական հասարակությանը վարկաբեկելուն և թշնամական միջավայր ստեղծելուն։
«Ներկայացված օրինագծերը հակասում են Վրաստանի քաղաքացիների՝ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու արտահայտած անսասան կամքին, Վրաստանի Սահմանադրությամբ հռչակված նպատակների և մարդու իրավունքների վերաբերյալ նորմերին, որի ընդունումը տագնապալի և կործանարար կլինի երկրի ժողովրդավարական զարգացման համար։
Նախաձեռնված օրինագիծը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ԶԼՄ-ներին, բարեգործական և կրոնական միավորումներին հռչակում է որպես «օտար ազդեցության գործակալներ» և նսեմացնում նրանց ողջ գործունեությունն ու դերը հասարակության մեջ»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է նաև, որ օրենքը կխոչընդոտի բարեգործական, սոցիալական, հումանիտար, կրթական, գիտահետազոտական, առողջապահական, մշակութային, սպորտային, բնապահպանական, գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, ինչպես նաև պետական կամ հասարակական նշանակության նախագծերի իրականացմանը, վնաս կհասցնի քաղհասարակության կազմակերպությունների շահառուներին։
«Հատկապես կարևոր է ընդգծել, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի ընդունումը (ցանկացած ձևով) ամենածանր հարվածը կհասցնի քաղաքացիական ինտեգրման ողջ գործընթացին և հանդուրժողականության մշակույթի զարգացմանը»,- նշված է հայտարարության մեջ։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերը, որին կողմ է նաև մեծամասնությունը, խորհրդարան է բերել իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Առաջին օրինագիծը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։
Օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել ռուսական տարածք. Նանուաշվիլի