ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ Վրաստանում ընթացող իրադարձությունների ֆոնին Արևմուտքի վերաբերյալ հնչեցրած մեղադրանքին: Միլլերը Գալուզինի հայտարարությունները «կրեմլի ապատեղեկատվություն» է որակել։
Գալուզինը ռուսական քարոզչական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների նման ասել է, որ «Արևմուտքը ցանկանում է Վրաստանում մայդանի սցենար կրկնել»։ Միլլերի խոսքով, Վրաստանում ընթացող բողոքի ցույցերը կապ չունեն ԱՄՆ-ի հետ, և մարդիկ «արտահայտում են իրենց տեսակետները»։
«Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի շաբաթների ընթացքում, վրաց ժողովրդի կամքի արտահայտությունն է, ընդդիմանալը Կրեմլի աջակցությունը վայելող օրենքին, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը: Սա ԱՄՆ-ի հետ կապ չունի։ Սա վրաց ժողովրդի դիրքորոշման արտահայտությունն է»,- ասել է Միլլերը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և պաշտոնական Մոսկվայի արած հայտարարությունները վերջին շրջանում նույն ենթատեքստն ունեն:
Ուշագրավ է նաև, որ «գործակալների օրենքի» վերսկսումից հետո Վրաստանի կառավարության (1, 2), ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները խոսել են Վրաստանում «մայդանի սցենարի» և իշխանությունը տապալելու սպառնալիքի մասին։ Պետանվտանգության ծառայությունը նմանատիպ հայտարարություն էր արել նաև անցյալ տարվա սեպտեմբերին։