Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն բնակչությանը խորհուրդ է տվել կրակի հետ չխաղալ, մնալ տներում, չնպաստել վարակի տարածմանը:
Ապրիլի 14-ին Վրաստանում առաջին անգամ միանգամից 30 նոր դեպք հաստատվեց, սա ըստ վարակաբանի՝ մտահոգիչ նշան է:
«Մենք գոնե մեկ րոպե թուլանալու ու հանգստանալու իրավունք չունենք: Ես էլի տեսնում եմ Թբիլիսիի փողոցներում մեծ շարժ, շատ մեքենաներ, մարդիկ հավաքվում են: Սա անթույլատրելի է: Իմացեք՝ կրակի հետ եք խաղում: Եկող 2-3 շաբաթները շատ ծանր են լինելու: Մեծ թվեր են սպասվում: Ես կրկին կոչ եմ անում՝ հետևեք պետության հորդորներին»:
Եթե Վրաստանում մի քանի հազար դեպք գրանցվի, պացիենտների 20-30%-ին ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ են անհրաժեշտ լինելու, իսկ սա ըստ մասնագետի՝ մեծ բեռ է երկրի առողջապահական համակարգի համար, հետևաբար՝ մեծ կորուստներ են լինելու:
Հիշեցում՝
- Վրաստանում դեպքերի թիվը հասել է 300-ի, 3-ը՝ մահվան ելքով:
- Արտակարգ դրությունը հետաձգվել է 1 ամսով
- Մեծ քաղաքները 10 օրով փակելու որոշում է կայացվել
Լուսանկարը՝ ncdc.ge-ից