Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի պատվաստանյութով ընտրյալ խմբերի պատվաստումը կմեկնարկի դեկտեմբերին, իսկ մեծամասշտաբ հասանելիություն կլինի արդեն գարնանը: Այս մասին նա համակարգող խորհրդի նիստից հետո է հայտարարել:
Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում հասանելի կլինի այն պատվաստանյութը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կհաստատվի:
«Մենք Կովաքս հարթակի անդամ ենք, որն աշխատում է Գավիալիանսի բազայի վրա: Գավիալիանսը պատվաստանյութերի գլոբալ դաշինք է և մենք միացել ենք նրանց դեռևս 2001 թվականին: Նրանց հետ սերտ համագործակցություն ունենք և այս հարթակը կվաճառի մի քանի պատվաստանյութ, որոնք հաստատված կլինեն երեք հիմնական կենտրոնների՝ Ամերիկայի դեղորայքի գործակալության, Եվրոպայի դեղորայքի գործակալության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- նշել է Գամկղրելիձեն:
Նրա խոսքով՝ Վրաստանն այս փուլում 700 հազար մարդու համար պատվաստանյութի պատվեր է կատարել:
«Բոլոր այս պատվաստանյութերն արվում են երկու անգամ, երեք կամ չորս շաբաթը մեկ անգամ, այդ պատճառով անհրաժեշտ է 1 400 000 դոզա»,- բացատրել է Գամկղրելիձեն և ավելացրել, որ սա մոտավորապես 17 մլն դոլար կարժենա, որից 4 մլն նախնական վճարումն արդեն արվել է: