Կոթելիա․ ընտրական գործընթացն ակտիվ է

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղի մանկապարտեզում բացվել է 38-րդ ընտրատեղամասը։

«Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբն ընտրատարածք է այցելել առավոտյան ժամը 11։30-ին, այդ պահի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 83 քաղաքացի։

Ընտրությանը մասնակցող Կոթելիայի բնակիչ Լելա Մուրջիկնելին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ շատ է կարևորում ընտրություններին ակտիվ մասնակցությունը․ «Ընտրություններին մասնակցում եմ, որ մեր երկրում լինի խաղաղություն»։

Իլիա Փանջակիձեն էլ ասաց․ «Չենք ուզում պատերազմ, ուզում ենք մեր երկրում խաղաղություն լինի և հանգստություն, դրա համար էլ եկել եմ մասնակցելու ընտրություններին»։

Հատկանշական է, որ Կոթելիա գյուղում արձանագրել էինք քարոզչության դեպք ընտրատեղամասում: Տղամարդն ընտրատեղամաս էր մտել «Վրացական երազանք» կուսակցության լոգոյով գլխարկով, և հանձնաժողովի ներկայացուցիչները նույնիսկ դիտողություն չեն արել նրան: Ագիտացիա անող քաղաքացին ընտրել է ու հեռացել ընտրատեղամասից:

Հիշեցնենք, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այսօր ընտրատեղամասում քարոզչությունն արգելված է։ Չի թույլատրվում քարոզչական նյութ տեղադրել ընտրատեղամասի մուտքից 25 մետր հեռավորության վրա։ Չի թույլատրվում նաև քվեարկության օրը քվեարկության շենքում կամ քվեարկության շենքից 100 մետր հեռավորության վրա ֆիզիկապես խոչընդոտել ընտրողի տեղաշարժը։ Չի թույլատրվում նաեւ քվեարկության օրը ընտրատեղամասից 100 մետր հեռավորության վրա մարդկանց հավաքել կամ ընտրողներ գրանցել։

Ի դեպ, ժամը 12.00-ից ընտրողների հոսքն ակտիվացավ, և ավտոմեքենաներն սկսեցին բնակիչներին փոխադրել ընտրատարածք։

Կարդացեք նաև՝

Ագիտացիա Կոթելիա գյուղում. ընտրողը եկել է «երազանքի» գլխարկով