Կոռուպցիայի նշաններ՝ «Վրացական երազանքի» նվիրատվություններում. TI

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ուսումնասիրել է նախընտրական շրջանում 8 ընտրական սուբյեկտի ֆինանսավորումը՝ միջանկյալ հաշվետվություն ներկայացնելով։

TI-ը նշել է՝ կոռուպցիայի նշաններ կան իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից նվիրատվությունների հավաքագրման գործընթացում: Զեկույցում նաև նշվում է՝ ուսումնասիրության արդյունքում կրկին ընդգծվել է «Վրացական երազանք»-ի ֆինանսական կտրուկ առավելությունը մյուս կուսակցությունների համեմատ։

«Դոնորների մի կարևոր մասը նվիրատվության հետ ստանում է բազմամիլիոնանոց պետական ​​պայմանագրեր և սուբսիդիաներ։ Հակակոռուպցիոն բյուրոն շահագրգռված չէ նման նվիրատվություններով, թեև նախընտրական շրջանում հետապնդում է մոնիտորինգ իրականացնող կազմակերպություններին, ուղղակիորեն կատարում է վարչապետի առաջադրանքները՝ դրանով ի վերջո խաթարելով հանրության վստահությունը», — ասվում է զեկույցում։

ՀԿ-ն կենտրոնանում է քաղաքական կոռուպցիայի բարձր ռիսկով նվիրատվությունների վրա: Զեկույցի համաձայն՝ իշխող կուսակցության դոնորների հետ կապված ընկերությունները 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը 684 միլիոն լարիի պետական ​​գնումների պայմանագրեր են ստացել։ Դրա դիմաց վերոնշյալ դոնորները 2024 թվականին «Վրացական երազանք»-ին նվիրաբերել են 3,1 մլն լարի։