Վարակաբան Մայա Բուծաշվիլիի տեղեկություններով, կորոնավիրուսի հետ մեկտեղ աշնանը կակտիվանան սեզոնային վիրուսները, այդ թվում՝ այսպես կոչված շնչառական սինցիցիալ վիրուսը, որը հաճախ առաջացնում է թոքերի բորբոքման բարդություններ, հայտնում է InterPressNews-ը:
Վարակաբանը նշել է, որ Վրաստանում գրիպի վիրուսից բացի ակտիվանալու են ադենովիրուսը և ռինովիրուսը։
Ըստ Բուծաշվիլիի, սեզոնային վիրուսների ախտանիշները բնութագրվում են ընդհանուր թուլությամբ, ջերմությամբ, հազով, գլխացավով, փորլուծությամբ կամ փսխումով։ Նրա խոսքով, այս պահին ոսկե կանոնը շատ հեղուկի օգտագործումն ու սիմպտոմատիկ բուժումն է։
«Ինչպես սեզոնային գրիպի վիրուսը, այնպես էլ կորոնավիրուսը շարունակում են մնալ հիմնական խնդիր։ Լավագույն միջոցը պատվաստումն է։ Մեր քաղաքացիներին կհիշեցնեմ հոկտեմբերից սկսվող գրիպի դեմ պատվաստման անհրաժեշտությունը»,- նշել է Բուծաշվիլին։