Մարտի 3-ի դրությամբ Վրաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք: Վերջին օրերին Առողջապահության նախարարության և կառավարության խորհրդատվություններից ելնելով բոլոր կրթական հաստատությունները դադարեցրին ուսումնական գործընթացը, թատրոնները, կինոթատրոններն ու այլ հասարարակական հավաքատեղիները ժամանակավորապես հետաձգել են այս օրերին նախատեսված միջոցառումները: Մարդկանց խորհուրդ է տրվում հետևել հիգիենայի կանոններին, հաճախակի լվացվել և բարևելուց չհամբուրվել ու ձեռք չսեղմել: Մի խոսքով ամեն ինչ արվում, որպեսզի երկիրը խուսափի վարակի տարածումից և ավելորդ խնդիրներից:
Վրաստանում այս ամենին, կարելի է ասել, անհաղորդ է մնում միայն Վրաց Ուղղափառ եկեղեցին, որը չնայած հասարակության որոշ մասի քննադատության և առողջապահական ոլորտի մասնագետների խորհուրդին, չի ցանկանում չեղարկել, կամ որոշ փոփոխություններ մտցնել եկեղեցական ծիսակատարություններում:
Ամենաքննարկված հարցն այս թեմայի շուրջ պատարագի ժամանակ հաղորդություն վերցնելն է, որը Վրաց Ուղղափառ եկեղեցու սովորույթի համաձայն պատարագի մասնակիցներին մատուցվում է նույն գդալով: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, մի շարք այլ մասնագետներ խորհուրդ են տալիս այս արարողակարգի ժամանակ կիրառել միանգամյա օգտագործման գդալներ, սակայն շեշտում, որ «չեն կարող խառնվել եկեղեցու գործին»:
Պատրիարքարանը այս թեմայի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որ չի պատրաստվում փոխել հաղորդության կարգը, քանի որ այն հազարավոր տարիների պատմություն ունի: Նիկոլոզ Միտրոպոլիտը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «գինին, որը պատարագի ժամանակ վերակերպվում է արյան՝ հակասեպտիկ է և բաժակը մաքրված է բակտերիաներից»:
Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն ավելի ուշ հայտարարեց, որ տեսիլք է ունեցել, որտեղ մարդը հաղթում է կորոնավիրուսին: